National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.06.2022
Քննարկվել է ՀՀ պետական բյուջեի 2022 թ. առաջին եռամսյակի կատարողականը
1 / 1

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ 2022 թ. մեր տնտեսության զարգացումները պայմանավորված են եղել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով:

2022 թ. առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել է տնտեսական աճ, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությամբ եւ դրա արդյունքում ՌԴ-ի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցների բացասական ազդեցություններով պայմանավորված՝ մարտ ամսից սկսել են դրսեւորվել տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: 2022 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ԱՄՆ տնտեսությունը գրանցել է 3.6 տոկոս աճ, Եվրագոտու տնտեսությունն աճել է 5 տոկոսով, իսկ Չինաստանում գրանցվել է 4.8 տոկոս տնտեսական աճ: ՌԴ տնտեսությունը 2022 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 3.7 տոկոս աճ է գրանցել:

Նշվել է, որ հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 9.6 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների աճով (նպաստումը՝ 10.2 տոկոսային կետ): Առեւտրի, արդյունաբերության եւ շինարարության աճը եւս նպաստել է տնտեսական ակտիվությանը՝ համապատասխանաբար՝ 0.9, 0.7 եւ 0.4 տոկոսային կետ: 2022 թ. հունվար-մարտին արդյունաբերության համախառն թողարկումն աճել է 3.1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճով:

Շինարարության ճյուղում գրանցված 6.2 տոկոս աճը պայմանավորված է եղել հիմնականում կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարության ծավալների աճով:

2022 թ. առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը կազմել է 7.4 տոկոս, իսկ միջին գնաճն առաջին եռամսյակում՝ 7 տոկոս:

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2022 թ. առաջին եռամսյակում կազմել է 2098 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 38.5 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման աճ. արտահանումն աճել է 26.9 տոկոսով` կազմելով 731.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 45.6 տոկոսով եւ կազմել 1336.2 մլն ԱՄՆ դոլար:

2022 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 425.5 մլրդ դրամ, ծախսերը` 396.8 մլրդ դրամ, հավելուրդը՝ 28.7 մլրդ դրամ: Բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է եռամսյակային ծրագրային ցուցանիշի գերակատարում, մինչդեռ ծախսերը զիջել են ծրագրված ցուցանիշը, արդյունքում՝ պակասուրդի փոխարեն արձանագրվել է հավելուրդ:

Առաջին եռամսյակում ստացվել է շուրջ 425.5 մլրդ դրամ փաստացի եկամուտ` 1.5 տոկոսով գերազանցելով եռամսյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 424.2 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 102.7 տոկոսը, 1.3 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 79.4 տոկոսով զիջել են ծրագրված ցուցանիշը: 2021 թ. առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.8 տոկոսով կամ 76.2 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճով:

Տիգրան Խաչատրյանը նշել է նաեւ, որ միջին աշխատավարձը կազմել է 212 հազար դրամ:

Ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են դրամի փոխարժեքին, գնաճին, արտահանման ու ներմուծման եւ այլ խնդիրներին:

Հայաստանի Հանրապետության 2022 թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման տարեկան հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am